ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Իմ մաքուր, զուլալ կաթնակեր մանկությունը

Իմ մաքուր, զուլալ կաթնակեր մանկությունը
23.11.2025 | 19:11

Մեր տան հանապազօրյան հացը չէր, այլ կաթն էր։ Տանը հաց չլիներ, յոլա կգնայինք, բայց եթե կաթ չլիներ, սոված կմնայինք։

Կաթ-մածունը խանութում առավոտ շուտ էին ստանում, որ հասցնեիր առնել, հետո՝ գնալ աշխատանքի, դասի։ Ու առավոտ շուտ խանութում հերթ էր գոյանում՝ փոքր՝ մի տաս-տասնհինգ հոգանոց։ Համարյա միշտ նույն մարդիկ էին։ Առավոտ շուտ մարդկանց դեմքերը մաքուր են՝ ամեն մեկն՝ իր գիշերային երազից նոր արթնացած, լվացված, դեռ օրվա հետքերով չծանրաբեռնված։ Խոսակցություններն էլ առօրյա էին՝ անկարևոր։

Կաթ-մածունը մետաղյա ցանցերի մեջ էին ստանում՝ կես լիտրանոց շշերով, կաթը՝ սպիտակ կափարիչով, մածունը՝ կապույտ, թթվասերը՝ փոքր շշի մեջ։ Էդ ցանցերից էլ կաթի հոտ էր գալիս։ Հերթն արագ էր առաջ գնում. դատարկ շշերը հանձնում էիր, լիքը շշերը՝ վերցնում։ Ես ամեն օր մի քանի շիշ կաթ էի առնում, մի երկու շիշ՝ մածուն, մի հատ՝ թթվասեր։ Մյուս օրը՝ չկար։

Ասում էին՝ քաղաքի կաթը ջրհամ ա։ Բայց ես հենց քաղաքի կաթն էի սիրում ու ջրի տեղ էլ խմում էի։ Մեր ժամանակ պատմում էին, որ ֆրանսիացիք էլ ջրի տեղը թույլ գինի են խմում։ Դե, մեր գինին էլ կաթն էր՝ քաղաքային ջրհամ կաթը։ Իսկ գյուղի էն նոր կթած, յուղոտ, փրփրակալած կաթը լրիվ ուրիշ բան էր։ Հա՛, համով էր, բայց ես հաստատ ամեն օր չէի խմի։

Մատով սեղմում, բացում էիր կաթի շիշը, եթե տանը հալած պանիր կար, մի կտոր դնում էիր հացի վրա, կծում ու վրայից մի կում կաթ խմում՝ հենց շշից։ Բա դրանից համով բան կա՞ աշխարհում։ Կամ բուլկով էիր խմում։ Բայց ես սիրում էի կաթը փրթել։ Լցնում էի թասի մեջ, վրան մի-մի գդալ մածուն ու թթվասեր ավելացնում. հետաքրքիր՝ մի քիչ թթվաշ համ էր ստանում, հետո թարմ հացը փրթում էի մեջը, հացի կտորները գդալով ընկղմում էի կաթի մեջ, որ փափկեն ու լցվեն կաթով, հետո ուտում էի ու հասկանում, որ դա աշխարհի ամենահամով բանն ա։

Մի օր դասերից հետո Կարենի հետ եկանք մեր տուն։ Ասի՝ արի՛ մի կտոր բան ուտենք։ Թե՝ չեմ ուզում, կուշտ եմ. ինստիտուտում ինչ-որ խաչապուրի էր կերել։ Ես կաթը լցրեցի թասի մեջ, վրան մածուն-թթվասեր ավելացրի, հացը փրթեցի ու սկսեցի ուտել։ Մեկ էլ տեսնեմ՝ աչքերից լոզերը գնում են։ Բանի տեղ չեմ դնում, իբր՝ չեմ նկատում։ Չդիմացավ, ասում ա՝ նենց հավեսով ես ուտում, որ ախորժակս բացվեց։ Բա ի՜նչ ես ձևեր թափում։ Իրան էլ սարքեցի։ Նենց ախորժակով կերավ, կարծես ընդունելության քննություններից մինչև էսօր սոված էին պահել։ Ա՜յ տենց։

Հետո, երբ ես Հայաստանից դուրս եկա ու սկսեցի թափառել աշխարհում, կաթի սովորությունը կամաց-կամաց վերացավ։ Սովորությունը պահպանելու համար պետք ա կայուն, անփոփոխ կյանքով ապրել։

Հիմա հազվադեպ եմ կաթ առնում, բայց մեկ-մեկ հավեսս տալիս ա՝ առնում եմ, հին ձևով սարքում՝ մածունով ու թթվասերով, փրթում եմ ու ուտում։ Ու էդ պահին վերադառնում եմ անցյալ՝ իմ մաքուր, զուլալ կաթնակեր մանկությունը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ